ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպասում է տեղեկության, թե Թուրքիայում մայիսի 15-ի հանդիպմանն ով է ներկայացնելու Ռուսաստանը։ «Ես սպասում եմ, թե ով կժամանի Ռուսաստանից, և այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան»,- հավելել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննարկում է Թուրքիայում բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, ինչը կարող է լինել ամենաուժեղ փաստարկը։               
 

Ինչու ներկրողին չեն բացահայտում

Ինչու ներկրողին չեն բացահայտում
28.04.2017 | 08:56

Ժողովրդական լավ ասացվածք կա. «Եթե սոխ չես կերել, ինչո՞ւ է բերանդ մրմռում»։ Թերևս սա շատ լավ բնութագրում է այս օրերին կառավարության համապատասխան օղակների աշխատանքը։ Արդեն մի քանի օր է՝ լրատվամիջոցները, հանրությունը բուռն քննարկման հարց են դարձրել Ադրբեջանից ներկրված խնձորների հարցը, սակայն ՊԵԿ-ն ու ՍԱՊԾ-ն, կարծես, «օդում» լինեն։ Հաստատում ու հերքում են իրար, բայց ոչ մի տրամաբանական բացատրություն չեն տալիս հանրությանը։ Ասել է` եթե թաքցնելու բան չունեք, ինչո՞ւ ճշմարտությունը չեք ներկայացնում։


Հայաստանը շատ փոքր երկիր է, և շատ հեշտությամբ կարող են պարզել, թե ում միջոցով է երկիր մուտք գործել անգամ մեկ լուցկու տուփը։ Այս թոհուբոհի մեջ ծանոթներիցս մեկը մի դրվագ հիշեց։ Նոր տարվա նախաշեմին նա իր և ընկերոջ ընտանիքի համար Վրաստանից ամանորյա գնումներ է արել, արկղերով մրգեր, ընդեղեն բերել։ Հայաստանի մաքսակետում երկար կանգնեցրել են, ապրանքները հանել-դրել են և հարցուփորձ արել, թե այսքան ապրանք ինչու է բերում։ Երկար բացատրելուց հետ ճարահատյալ կեսլուրջ-կեսկատակ ասել է, թե երկու հարս ունի, մեկին որ մի բան տանի, մյուսին՝ ոչ, հետը կկռվեն, ստիպված ամեն ինչից երկուսին էլ տանում է։ Վերջը հաջողվել է համոզել և սահմանն անցնել։ Եթե սովորականից շատ գնումներն են արժանանում ուշադրության, ինչպե՞ս ստացվեց, որ մեծ քանակությամբ խնձոր է երկիր ներկրվել, իսկ ՊԵԿ-ն ու ՍԱՊԾ-ն բանից անտեղյակ են։ Իսկ գուցե իրենց հարմար չէ՞ տեղյակ լինելը։


Այս ամենից նաև կոռուպցիայի, կաշառակերության տհաճ հոտ է գալիս։ Ի դեպ, ՍԱՊԾ-ին մոտ կանգնած մեր աղբյուրներն իրազեկեցին, թե քիչ չեն դեպքերը, երբ ծառայությունը մատների արանքով է նայում ներկրվող այս կամ այն ապրանքի որակին, քանի որ երկուստեք բիզնես-շահերը բավարարվել են։


Անկախ այն բանից, թե որ երկրից է անորակ կամ որակյալ ապրանք տեղափոխվել, մեկ բան ակնհայտ է. Հայաստանը շատ խոցելի երկիր է, որտեղ ով ինչպես ցանկանա, կարող է թունավորել հանրությանը, միայն փող դիզելու մոլուցքով տառապող հայ բիզնեսմենն էլ, ում համար ամեն ինչից վեր սեփական շահն է, կնպաստի դրան։ Իսկ երբ պատկան օղակներն են ակնհայտորեն թաքցնում ներկրողին, խիստ հասկանալի պատճառներով, սա ոչ այլ ինչ է, եթե ոչ սեփական երկրի հանդեպ հանցագործության դրսևորում։


Ի միջի այլոց, երեկ կառավարության նիստում վարչապետը ոչ մի խոսք չի ասել մեծ աղմուկ բարձրացրած այս թեմայի վերաբերյալ։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3680

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ